______________________________________________________________________________
««ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 ««Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն), ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ Օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
1.3 Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:
1.4 Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.5 Կազմակերպության հայերեն լրիվ անվանումն է` ««Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպություն։
1.6 Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 22 շ., բն. 149, 
հեռախոս՝ (+37410) 57-31-14, (+37491) 54-78-94, էլ.հասցե՝ 
apna.armphotographers@gmail.com։



2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1 Կազմակերպության գործունեության առարկան ու նպատակներն են, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով`
- Աջակցել ՀՀ-ում լուսանկարչության զարգացմանը։
- Համախմբել ՀՀ-ում և օտարերկրյա հայազգի լուսանկարիչներին ու անձանց, ովքեր հետաքրքրված են լուսանկարչությամբ։
- Ներկայացնել Կազմակերպության անդամների իրավունքներն ու շահերը պետական և միջազգային այլ ատյաններում։
- Հաստատել կապեր միջազգային, տեղական և օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ, մասնագետների փոխանակման ծրագրերում համագործակցության հեռանկարով։
- Հրատարակչական գործունեության միջոցով պրոպագանդել լուսանկարչության մասին բազմակողմանի ինֆորմացիա։
- Ներգրավել հանրապետության երիտասարդությանը մշակութային և կրթական տարբեր միջոցառումներին։
- Կազմակերպել հանրապետական, միջազգային և համահայկական փառատոններ, ցուցահանդեսներ, սեմինարներ և համաժողովներ։
- Հաստատել սերտ կապեր ԶԼՄ-ների հետ հասարակական կազմակերպության անդամների կողմից կատարված էսթետիկապես արժեքավոր լուսանկարների հրապարակման ու հրատարակման նպատակներով։
- Կազմակերպության անդամների աշխատանքների համապատասխան գրանցում և հաշվառում՝ հետագայում հեղինակային իրավունքների հաստատման նպատակով։
- Լուսանկարչության փորձված վարպետներից կազմել լուսանկարչության բնագավառում ամենահեղինակավոր գեղարվեստական խորհուրդ։
- Տարբեր կազմակերպություններին տրամադրել փորձագիտական եզրակացություններ լուսանկարչության բնագավառում՝ համաձայն իրենց դիմումի։
- Իրականացնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն։



3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

3.1 Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող այն լուսանկարիչը, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը, ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը և բավարարում է կազմակերպության բարձր պահանջներին:
3.2 Անդամության յուրաքանչյուր թեկնածու պարտավոր է ներկայացնել հետևյալը հաստատող փաստաթղթերը.
ա/ լուսանկարչության ոլորտում եզակի հեղինակային ոճի, իր սեփական մեթոդաբանության կամ հայեցակարգի առկայությունը և այլն,
բ/ մշակույթի և արվեստի մեջ նշանակալի ներդրման, ինչպես նաև լուսանկարչության ոլորտում ակնառու նվաճումների վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ (ազգային և միջազգային լուսանկարչական մրցույթներից մրցանակների առկայություն, պետական մրցանակներ),
գ/ լուսանկարչության ոլորտում առնվազն հինգ տարվա մասնագիտական կամ ստեղծագործական գործունեության հաստատում (անհատական ցուցահանդեսներ, խմբակային ցուցահանդեսների ակտիվ մասնակցություն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում, տարբեր մասնագիտական մրցույթների ժյուրիի կազմում ակտիվ մասնակցություն, կուրատորական, կրթական կամ հասարակական գործունեություն, վարպետության դասերի անցկացում, սեփական գրքերի, ալբոմների կամ հեղինակային նախագծերի հրատարակում),
դ/ Կազմակերպության խորհրդի քննարկմանը երեք կամ ավելի ինքնատիպ աշխատանքների տրամադրում,
ե/ թեկնածուի ազգային ճանաչումը և բարձր մասնագիտական մակարդակը հաստատող այլ փաստաթղթեր։
3.3 Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը լրացնում է Կազմակերպությանը անդամակցելու դիմում՝ կցելով 3․2 կետում նշված բոլոր փաստաթղթերը, գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին՝ նախագահին, որն էլ իր հերթին փոխանցում է Խորհրդի քննարկմանը (այսուհետև՝ Խորհուրդ):
3.4 Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը:
3.5 Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից հեռացումը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:
3.6 Կազմակերպության այն անդամը, որը Խորհուրդի կողմից սահմանված լինելու դեպքում վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, Խորհրդի որոշմամբ հեռացվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:



4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
ա/ ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում․
բ/ ներկա լինելու Ժողովին անձամբ,
գ/ Խորհրդի կողմից սահմանված կարգով անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից,
դ/ ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
ե/ վերադասության կամ դատական կարգով բողոքարկել Կազմակերպության մարմնինների որոշումները։ Կազմակերպության անդամի կողմից գործադիր մարմնի որոշումների բողոքարկումն իրականացվում է Ժողովին համապատասխան դիմում ներկայացնելու եղանակով: Դիմումը քննարկում է Ժողովը: Դիմումի քննարկումը կարող է կատարվել նաև հեռակա կարգով,

զ/ Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, Կազմակերպության մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին 3 տարիներին,
է/ ազատ դուրս գալ Կազմակերպությունից իր դիմումի համաձայն,
ը/ մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին։
4.2 Կազմակերպության անդամը պարտավոր է՝
ա/ հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին.
բ/ կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.
գ/ մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար՝ Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը.
դ/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.
4.3 Կազմակերպության կանոնադրությունը, բարեվարքության կանոնները խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, կազմակերպության կողմից շնորհված պարգևներից և Կազմակերպության անդամությունից զրկում:



5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

5.1 Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ՝ պետական գրանցման պահից:
5.2 Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով և խորհրդանիշով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում:
5.3 Կազմակերպության խորհրդանիշը ներկայացված է որպես պաշտոնական դրոշմակնիք, որի հիմքում օվալաձև պատկեր է՝ հիշեցնող մարդկային աչք։ Այն սիմետրիկորեն բաժանված է երկու մասի. ձախ հատվածում՝ երկու սև և կենտրոնում մեկ սպիտակ հատված, իսկ աջ կողմում՝ երկու սպիտակ և կենտրոնում մեկ սև, ինչը ձևավորում է հայելու նման զուգահեռություն։ Վերին մասում, աչքի վերևում, կամարաձև պատկերված է լուսանկարչական ժապավեն՝ որպես լուսանկարչության խորհրդանիշ։ Խորհրդանիշի ձախ հատվածը սպիտակ է, իսկ աջը՝ սև։ Հիմնական պատկերանշանի ներքևում տեղադրված է անվան միջազգային հապավումը՝ APNA, իսկ դրա տակ՝ հայերեն տարբերակը՝ ՀԼԱԱ։
5.4 Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:
5.5 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
բ/ հիմնադրել լրատվության միջոցներ.
գ/ կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր․
դ/ ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
ե/ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն անձամբ կամ իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.
զ/ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.
է/ օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.
ը/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ.
թ/ ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում՝ արտարժույթով.
ժ/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում՝ կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
ժա/ իրականացնել օրենքով սահմանված այլ իրավունքներ:



6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1 Կազմակերպությունը պարտավոր է՝
1) վարել իր անդամների և կամավորների հաշվառումը.
2) օրենքով նախատեսված դեպքում ենթարկվել պարտադիր աուդիտի.
3) պաշտոնական կայքի առկայության դեպքում հասցեի վերաբերյալ ծանուցել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը (այսուհետ՝ Գործակալություն).
4) «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Պետական եկամուտների կոմիտեի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր.
5) Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերի, ժողովի որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով` պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք տրամադրելու համար կատարված ծախսերը.
6) Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, ինչպես նաև վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում՝ օրենքով սահմանված կարգով դիմել Գործակալություն.
7) իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության գործադիր մարմնի հաստատմանը` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը.
8) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:



7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1 Կազմակերպության կառավարման մարմիններն են.
- անդամների Ժողովը՝ որպես բարձրագույն մարմին,
- Խորհուրդը՝ որպես կոլեգիալ կառավարման մարմին,
- Նախագահը՝ որպես կազմակերպության գործադիր մարմին։
7.2 Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին՝ Ժողովին:
7.3 Կազմակերպության հերթական ժողովը գումարվում է հինգ տարին մեկ անգամ:
Ժողովը հրավիրում է Նախագահը՝ անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն: Նախագահը որոշում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 20 օր առաջ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է Կազմակերպության անդամներին և կառույցներին:
7.4 Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Նախագահի կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ Նախագահի կողմից։
7.5 Կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է վերոնշյալ նախաձեռնությունից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում: Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից առնվազն 5 օր առաջ:
7.6 Ժողովի արձանագրությունը ստորագրում են Ժողովի նախագահողը (նիստերը վարողը) և քարտուղարը։
7.7 Ժողովի արձանագրությունները պահպանվում են հինգ տարի։
7.8 Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝
ա/ Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը.
բ/ Կազմակերպության խորհրդի անդամների ընտրությունը կազմակերպության անդամներից և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը․
գ/ ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունելու այլ կազմակերպություններում Կազմակերպության մասնակցության մասին․
դ/ Կազմակերպության կառուցվածքը հաստատելը․
ե/ Կազմակերպության գործադիր մարմնի՝ նախագահի ընտրությունը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը․
զ/ Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը դադարեցնելը․
է/ Կազմակերպության լուծարման և վերակազմակերպման մասին որոշումների ընդունումը.
ը/ հինգ տարին մեկ անգամ գործադիր մարմնի կողմից Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատումը։
7.9 Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
7.10 Խորհուրդն ընտրվում է Ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Կազմակերպության խորհրդի կազմում են արվեստի և լուսանկարչության ոլորտի ակտիվ մասնագետներ, որոնք ապացուցել են իրենց կարողությունները ազգային և/կամ միջազգային մակարդակում։ Խորհրդի անդամներ կարող են դառնալ ՀՀ առաջատար պատկերասրահների և արտասահմանյան հաստատությունների կուրատորներ, արվեստի քննադատներ, արվեստի պատմաբաններ, անվանի լուսանկարիչներ և մասնագիտացված համալսարանների դասախոսներ, որոնց մասնագիտական ​​նախագծերը, գիտական ​​հետազոտությունները և ստեղծագործական աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել միջազգային ցուցահանդեսներում, բիենալեներում և հեղինակավոր մասնագիտական ​​հրատարակություններում: Խորհրդի անդամներ կարող են դառնալ նաև հեղինակավոր լուսանկարչական մրցույթների ժյուրիի անդամները, մենագրությունների և փորձագիտական ​​հրապարակումների հեղինակները, մշակութային քաղաքականության ձևավորման, ցուցահանդեսների ընտրության, ինչպես նաև արվեստի գործերի գեղարվեստական ​​արժեքի և ինքնատիպության գնահատման ոլորտում փորձ ունեցող մասնագետները։
Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի, Խորհրդի երկու անդամների պահանջով:
7.11 Խորհուրդը՝
ա/ հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում՝ Ժողովին ներկայացվող հաշվետվությունը.
բ/ առաջարկություններ է ներկայացնում Ժողովին՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.
գ/ ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ հեռացնում անդամությունից.
դ/ Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.
ե/ Կազմակերպության պատվավոր անդամի կոչում է շնորհում անվանի և շնորհալի լուսանկարիչներին, բարերարներին և այն անձանց, ովքեր նպաստել են կազմակերպության զարգացմանն ու առաջխաղացմանը․
զ/ ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը՝ ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.
է/ սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը.
թ/ ընդունում է որոշումներ Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և լուծարելու մասին, ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները.
ժա/ սահմանում է Կազմակերպության գործադիր մարմնի վարձատրության կարգը և պայմանները.
ժբ/ հաստատում է կազմակերպության ռազմավարությունը, եթե նախատեսում է այն ունենալ․
ժգ/ իրականացնում է օրենքով կամ Կազմակեպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
7.12 Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
7.13 Կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության նախագահն է։
7.14 Կազմակերպության նախագահն ընտրվում է Ժողովի կողմից հինգ տարի ժամկետով:
7.15 Նախագահի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը։
7.16 Կազմակերպության նախագահը․
ա/ ապահովում է Ժողովի և Խորհրդի որոշումների կատարումը․
բ/ տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից.
գ/ ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և
օտարերկրյա պետություններում.
դ/ տալիս է լիազորագրեր.
ե/ բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
զ/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
է/ հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի
նախահաշիվը.
ը/ հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին
փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները.
թ/ հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները.
ժ/ հաստատում է Ժողովների գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք հինգ տարին մեկ անգամ ներկայացնում է Ժողովի և խորհրդի հաստատմանը,
ժա/ իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն
վերապահված այլ լիազորություններ:
ժբ/ ղեկավարում է Խորհրդի աշխատանքները և վարում է նրա նիստերը. ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի.
7.17 Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի։
7.18 Նախագահը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
7.19 Կազմակերպության պատասխանատու քարտուղարն ընտրվում է խորհրդի կողմից հինգ տարի ժամանակով:
Պատասխանատու քարտուղարը կազմակերպում է կազմակերպության ողջ գործավարությունը, անդամավճարների գանձումը, սահմանված լինելու դեպքում, վարում է անդամների հաշվառումը, կազմակերպում է Կազմակերպության մարմինների նիստերի անցկացումը, իրականացնում է Կազմակերպության նախագահի և Խորհրդի կողմից տրված այլ հանձնարարությունները։



8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

8.1 Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:
8.2 Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:
8.3 Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել՝
- Կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները.
- բանկային հիմնարկներից ստացված վարկերը.
- դրամաշնորհները.
- բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.
- Կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը:
8.4 Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
8.5 Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:
8.6 Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:
8.7 Կազմակերպության ղեկավար մարմիններում և կազմակերպության աշխատակազմում ընգրկված անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը հանդիսանում է Կազմակերպությունը: Նշված անձանց վարձատրության չափը սահմանում է Խորհուրդը:



9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

9․1 Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններին և ունենալ միջազգային այլ կապեր:
9․2 Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ
պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:



10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

10.1 Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի կամ դատարանի որոշմամբ:
Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
10.2 Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքում դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:






Back to Top